15 հուլիսի, երեքշաբթի
Հովվի՛ր իմ գառնուկներին (Հովհ. 21։16)։
Պետրոսը երեցներին հետևյալ հորդորը տվեց. «Հովվեք Աստծու հոտը» (1 Պետ. 5։1-4)։ Մենք գիտենք, որ որպես երեց՝ դու սիրում ես քո եղբայրներին ու քույրերին և ցանկանում ես «հովվել» նրանց։ Սակայն երբեմն գուցե այնքան զբաղված կամ հոգնած լինես, որ չկարողանաս լիարժեքորեն կատարել այդ հանձնարարությունը։ Այդ դեպքում ի՞նչ կարող ես անել։ Սրտանց աղոթիր Եհովային քո մտահոգությունների մասին։ Այդ առնչությամբ Պետրոս առաքյալը գրել է. «Ով ծառայում է, թող դա անի՝ ապավինելով Աստծու տված զորությանը» (1 Պետ. 4։11)։ Հնարավոր է, որ հավատակիցներդ բախվում են այնպիսի խնդիրների, որոնք այս աշխարհում լիովին չեն լուծվի։ Սակայն հիշիր, որ մեր «հովվապետը»՝ Հիսուս Քրիստոսը, կարող է օգնել նրանց այն հարցերում, որոնք լուծելը քո ուժերից վեր է։ Նա դա կարող է անել թե՛ հիմա, թե՛ նոր աշխարհում։ Եհովան երեցներից պարզապես ակնկալում է, որ նրանք սիրեն իրենց հավատակիցներին, հովվեն նրանց և «հոտին օրինակ լինեն»։ w23.09, էջ 29-30, պրբ. 13-14
16 հուլիսի, չորեքշաբթի
Եհովան գիտի, որ իմաստուն մարդկանց դատողությունները փուչ են (1 Կորնթ. 3։20)։
Մենք օգնության համար չպետք է դիմենք մարդկային տրամաբանություններին։ Եթե Աստծու օրենքներն արհամարհող մարդկանց տեսանկյունից նայենք հարցերին, գուցե սկսենք անտեսել Եհովային և նրա չափանիշները (1 Կորնթ. 3։19)։ «Այս աշխարհի իմաստությունը» հաճախ մարդկանց մղում է բավարարել իրենց մարմնական ցանկությունները։ Պերգամոնում և Թյուատիրում ապրող որոշ քրիստոնյաներ որդեգրել էին կռապաշտության և անբարոյության վերաբերյալ այդ քաղաքներում տարածված տեսակետները։ Հիսուսը խիստ խորհուրդ տվեց այդ ժողովներին, քանի որ նրանք հանդուրժում էին սեռական անբարոյությունը (Հայտն. 2։14, 20)։ Այսօր մեր շրջապատի մարդիկ ճնշում են մեզ վրա, որ ընդունենք նրանց սխալ տեսակետները։ Մեր ընտանիքի անդամներն ու ծանոթները գուցե փորձեն ազդել մեր զգացմունքների վրա և համոզեն մեզ փոխզիջումների գնալ։ Օրինակ՝ նրանք թերևս պնդեն, որ բարոյապես մաքուր մնալը այդքան էլ կարևոր չէ, և որ Աստվածաշնչի բարոյական չափանիշները հնացած են։ Երբեմն մեզ գուցե թվա, թե Եհովայի տված առաջնորդությունը այնքան էլ հստակ չէ։ Հնարավոր է՝ նույնիսկ գայթակղություն առաջանա «գրվածից այն կողմ անցնելու» (1 Կորնթ. 4։6)։ w23.07, էջ 16, պրբ. 10-11
17 հուլիսի, հինգշաբթի
Իսկական ընկերը սիրում է ամեն ժամանակ. նա եղբայր է՝ նեղ օրվա համար ծնված (Առակ. 17։17)։
Մարիամը՝ Հիսուսի մայրը, զորանալու կարիք ուներ։ Նա դեռ ամուսնացած չէր, բայց պետք է հղիանար։ Նա երեխաներ մեծացնելու փորձ չուներ, բայց պետք է հոգ տաներ մի երեխայի մասին, որը ապագայում դառնալու էր Մեսիան։ Բացի այդ՝ Մարիամի համար դժվար էր լինելու իր նշանածին՝ Հովսեփին, ասել, որ թեև ոչ ոքի հետ սեռական հարաբերություն չի ունեցել, բայց հղի է (Ղուկ. 1։26-33)։ Ինչպե՞ս Մարիամը ուժ գտավ։ Նա դիմեց ուրիշների օգնությանը։ Օրինակ՝ նա խնդրեց Գաբրիել հրեշտակին, որ հավելյալ մանրամասներ հայտնի իր հանձնարարության հետ կապված (Ղուկ. 1։34)։ Դրանից կարճ ժամանակ անց նա ուղևորվեց դեպի Հուդայի «լեռնային շրջաններ»՝ այցելելու իր բարեկամուհուն՝ Եղիսաբեթին։ Եղիսաբեթը գովեց Մարիամին և Եհովայից ներշնչված՝ մի քաջալերական մարգարեություն հայտնեց նրա՝ դեռ չծնված որդու վերաբերյալ (Ղուկ. 1։39-45)։ Մարիամն ասաց, որ Եհովան «գործել է իր զորեղ բազկով» (Ղուկ. 1։46-51)։ Եհովան Գաբրիել հրեշտակի ու Եղիսաբեթի միջոցով զորացրեց Մարիամին։ w23.10, էջ 14-15, պրբ. 10-12